National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.08.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրներ
1 / 8

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 23-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ ««Սուրմալուի» դեպքերի լույսի ներքո տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրները» թեմայով:

Օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է մահացել: Որոնվում է մեկ անհետ կորած քաղաքացի: Շուրջ վեց տասնյակ քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի այրվածք եւ վնասվածք: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասերով:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ողբերգական դեպքի համակողմանի բացահայտումը, ինչպես նաեւ առաջարկել է սահմանել, թե ինչպիսի իրավակարգավորումներ են անհրաժեշտ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության համակարգը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար:  «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պահեստների դռները զմռսված չեն եղել»,- բարձրաձայնել է Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը մանրամասն ներկայացրել է տեսչական մարմնի վերջին երկու տարվա գործունեության արդյունքները, տեղեկացրել, թե մինչեւ ողբերգական դեպքը քանի անգամ են ստուգումներ եւ վերստուգումներ իրականացրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում: Ըստ նրա՝ գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմինը տարեկան մեկ անգամ իրավունք ունի ստուգում կատարել տվյալ կազմակերպությունում, իսկ խախտման համար սահմանված է ընդամենը 50.000 դրամ տուգանք, որը փաստացի չնչին գումար է: Խոսելով ոլորտում առկա բացթողումներից՝ նա ընդգծել է կադրային խնդիրը: Գեղամ Շահբազյանի հավաստմամբ՝ բազմաթիվ են այն հաստատությունները, որտեղ չեն պահպանվում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները:

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ծանոթ լինելով ոլորտի խնդիրներին, բերել է բազմաթիվ օրինակներ՝ նշելով, որ նմանօրինակ վատթար վիճակ է տիրում նաեւ «Ոսկու շուկայում», որտեղ չեն պահպանվել ու մինչեւ օրս չեն պահպանվում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության պահանջները: Ըստ պատգամավորի՝ պետք է կամք դրսեւորել եւ քայլ առ քայլ լուծել խնդիրները:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրել է ոլորտում պետական վերահսկողության խստացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը նույնպես կարեւորել է ոլորտի խնդիրների օրենսդրական ճանապարհով լուծումը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, տեսչական մարմնի ղեկավարին առաջարկել է մշակել պայթուցիկների վաճառքի նվազեցման վերաբերյալ նախագիծ:

Բացի իրավական խնդիրներից, կան նաեւ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն: Այս համատեսքտում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է նմանատիպ խնդիրների լուծման հարցում ուժային կառույցների եւ տեսչական մարմինների ներդաշնակ աշխատանքը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրվա քննարկման մասին նամակով կտեղեկացնի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով օրենսդիր եւ գործադիր մարմինների համատեղ ջանքերով օրենսդրական հնարավոր լուծումներ գտնել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ոլորտում առկա խնդիրների մասին իրավակարգավորումների փաթեթ է ներկայացրել հանձնաժողովի փորձագետ Արտակ Հարությունյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am